Posted in Uncategorized

Ոսկերչությունը Հայաստանում

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ Լճաշենի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։

Ուրարտական շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում ոսկերչությանյան մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։ Միջնադարյան Հայաստանում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։