Posted in Պատմություն 9, Uncategorized

Նադիր շահ

Նադիր շահ Աֆշարի կամ Նադիր շահ (պարս․՝ نادر شاه افشار, որ հայտնի է նաև որպես Նադեր ղոլի բեգ – نادر قلی بیگ կամ Թահմասպ Ղուլի Խան – تهماسپ قلی خان) (նոյեմբեր, 1688 թ կամ օգոստոսի 6, 1698 – հունիսի 19, 1747), կառավարել է Իրանը որպես շահ 11 տարի՝ 1736–1747 թվականներին, հիմնադրել Աֆշարիների դինաստիան։ Իր ռազմական տաղանդի պատճառով որոշ պատմաբաններ նրան որպես Պարսկաստանի Նապոլեոն կամ Երկրորդ Ալեքսանդր են կոչել։ Նադիր շահը սերում էր Պարսկաստանի հյուսիսում՝ Խորասանում բնակվող թյուրքալեզու քոչվոր աֆշարների տոհմից, որը վայելում էր Սեֆյան դինաստիայի ռազմական օժանդակությունը՝ դեռ նրա հիմնադիր Շահ Իսմայիլ Առաջինի օրերից (16-րդ դ. սկիզբ)։

Նադիրը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ Իրանում աֆղանների Հոթաքի տոհմը քաոս էր ստեղծել։ Թուլացած շահ Սուլթան-Հուսեյնը գահընկեց էր արվել։ Հարմար առիթից օգտվել էին օսմանցիները և ռուսները, ովքեր Իրանի հյուսիսը բաժանում են իրար մեջ։ Նադիրը ոչ միայն վերականգնում է պարսկական սահմանները, այլև վերականգնում է պարսից թագիշխանությունը։ Նա այնքան էր հզորացել, որ 200 տարի Իրանը իշխող, գահընկեց արված Սեֆյան արքայատոհմին այլևս չի վերադարձնում շահական իշխանությունը, այլ 1736 թ. ինքն է հռչակվում Իրանի շահ։ Թագադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում Մուղանի դաշտում՝ Լենքորանից ոչ հեռու, և Նադիրի անձնական խնդրանքով, պարսկական ավանդույթի համաձայն, նրա մեջքին թուր են կապում։ Սակայն այդ գործողությունը արվում է ոչ թե մուսուլմանների կողմից, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-1736, 1738-1740, 1743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»: Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը։

Nader_Shah_Afshar

Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում

Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասանաքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին (1736) Նադիրը Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն։

Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակից մինչև Արաքս գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մուսուլմանների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Արցախի հարթավայրային մասում մուսուլմանները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով։ Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա։