Posted in Հայոց լեզու, Հեռավար֊արցանց ուսուցման, Նախագծային աշխատանք, Uncategorized

Զատկական բառարան

 Քրիստոս հարյավ ի մեռելոց:
– Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Հարության օրը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդողլուսնի լրման առաջին կիրակի օրը, որն համընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածին:

Զատիկ- Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը թե’ Հին, և թե’ Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից:

Ներկած ձու- Ձուն խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Բրնձով և չամիչով փլավ- Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին: Չամիչը հոգևորականներն են, բրինձը՝ հավատացյալները: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այսինքն՝ բրնձին՝ քաղցրացնելով նրա համը:

Գինի- Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին:

Հաց-Հացը սրբություն է թե՛ ամենօրյա գործածության մեջ, թե՛ տոնական սեղաններին ու հատկապես զատկական սեղանին, ուր այն հանդես է գալիս եռակի ձևով ու խորհրդով. ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, սովորական, ամենօրյա հացի տեսքով. Չմոռանանք նաև, որ հացը որպես Քրիստոսի հետ Ս. Հաղորդության միջոց, նշխարի տեսքով իր սկզբնավորումն է ստացել Զատկի այն խորհրդավոր ընթրիքից, որի մասնակիցներն էին Քրիստոսն ու իր տասներկու առաքյալները:

Ձուկ- Ինչ վերաբերում է ձկանը, նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է: Իսկ երկրորդը՝ ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։

Ածիկ- Կարմիր ներկած ձվերը, որ դրվում են ծլեցրած ցորենի մեջ, այն եւս իր խորհուրդ ունի՝ համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն, ցորենը ցանում ես՝ ցորենը «մեռնում» է, հետո՝ ծլում ու միջից դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: