Posted in Պարսկերեն, Uncategorized

Օմար խայամ

Քառյակներ

«Պիտի ապրե՛լ,- ասում են մեզ գրո՛վ,խոսքո՛վ սուրբ Ղուրանի,-Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդձեր կյանքը կլինի»:Ու անբաժան եմ ես գինո՛ւց,ամենուրեք՝ սիրունի՛ս հետ,Որ էսպե՛ս էլ զարթնեմ,երբ գա օրը Ահեղ դատաստանի։

***
Տիեզերքն համայն մտովի տեսա ու շոշափեցի,
Մարդկային հոգու ճախրանքներն
ամեն ես ճանաչեցի,
Եվ, այնուհանդերձ, հայտարարում եմ
առանց կասկածի.
Այլ երանություն չգիտե՛մ՝ գինու վայելքից բացի:

***
Այն, ինչ Տերը սահմանել է ու մեզ տվել արդեն մի օր,
Չենք կարող ո՛չ պակասեցնել,
ո՛չ հավելել ինչ-որ բանով:
Դե ուրեմն, տեղի՛ն ծախսենք ինչ որ ունենք, բարեկամներ,
Առանց այլոց նախանձելու,
ո՛չ մեկից պարտք չխնդրելով:

***
Ի՞նչ է մարմինը քո, Խայա՛մ:
Ինչ-որ վրա՛ն, որտեղ հոգին՝
Թափառումի ելած մի խան, իջևանել է կեսճամփին:
Վաղը ճամփա կընկնի նորից, կշարունակի նա ուղին,
Իսկ մահն իսկույն իր ավա՛րը կհամարի վրանը հին:

***
Չէ՛, մահկանացուն երկնքի հանդեպ
վաղուց է պարտվել,
Հերթով կլլում է, խժռում բոլորիս հողը մարդակեր:
Դեռ կա՞ս, ապրու՞մ ես,
գուցե դրանով անգամ պարծենու՞մ,
Բայց, մեկ է, շուտով դու էլ կդառնաս
մրջյուններին կեր:

***
Չեմ վախենում մահից բնավ,
ոչ էլ իմ բախտը անիծում,
Իսկ դրախտի ունայն հույսով երբևէ չեմ մխիթարվում:
Ինձ միայն կարճ մի ժամկետով տրված
հոգին հավերժական
Սահմանված օրը,
ճի՛շտ ժամին ետ կտամ ես՝ հոժարակամ: